calendar
2026-05-11

Ծաղկաձորի միջազգայնացումն ու զարգացման միտումները

Ծաղկաձորը որպես բազմաշերտ զբոսաշրջային ուղղություն

Ծաղկաձորը Հայաստանի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից է, որի գրավչությունը ձևավորվում է միաժամանակ մի քանի գործոնների համադրությամբ։ Քաղաքը հանդիսանում է ձմեռային սպորտի կենտրոն, հանգստյան գոտի և մշակութային այցելության ուղղություն։ Քաղաքի հիմնական գրավչություններից են Կեչառիսի վանական համալիրը, ճոպանուղին, լեռնադահուկային ենթակառուցվածքները, ինչպես նաև բնության մեջ հանգստի համար նպաստավոր միջավայրը։ Երևանի նկատմամբ մոտ դիրքը ևս ձևավորում է կարճաժամկետ և շաբաթավերջային պահանջարկ։ Այս գործոնները միասին Ծաղկաձորը դարձնում են ոչ միայն սեզոնային, այլ նաև պարբերական պահանջարկ ունեցող ուղղություն։

ՀՀ զբոսաշրջային հոսքերի դինամիկա․վերականգնումից դեպի կայուն աճ

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերը անցել են մի քանի հստակ փուլերով։

Գրաֆիկից պարզ է դառնում որ մինչև 2019 թվականը ՀՀ զբոսաշրջային շուկան գտնվում էր կայուն աճի փուլում, ձևավորելով մոտ 1.9 մլն տարեկան զբոսաշրջիկների մակարդակ։ 2020–2021 թվականներին, համավարակով պայմանավորված սահմանափակումների արդյունքում, շուկան արձանագրեց կտրուկ անկում․ զբոսաշրջային հոսքերը նվազեցին մի քանի անգամ՝ հասնելով նվազագույն մակարդակների։

Սակայն արդեն 2022 թվականից սկսած շուկան մտավ վերականգնման փուլ, իսկ 2023 թվականից սկսած արձանագրվեց արագ աճ, որի արդյունքում զբոսաշրջիկների թիվը ոչ միայն վերականգնվեց, այլ նաև գերազանցեց նախահամավարակային մակարդակը։ 2024–2025 թվականներին շուկան պահպանեց բարձր ակտիվությունը՝ ձևավորելով ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկի կայուն մակարդակ։

Կոտայքի մարզի և Ծաղկաձորի դերը ՀՀ զբոսաշրջային հոսքերում (մոտարկված գնահատում և հաշվարկի մեթոդաբանություն)

ՀՀ զբոսաշրջային հոսքերի տարածական բաշխման տեսանկյունից Կոտայքի մարզը զբաղեցնում է առանցքային դիրք։ 2023 թվականի «Միջազգային այցելուների հետազոտություն» աշխատության համաձայն՝ միջազգային զբոսաշրջիկների մոտ 31.8%-ը այցելում է Կոտայք, ինչը մարզը դարձնում է Հայաստանի ամենաակտիվ ուղղություններից մեկը։ Միևնույն հետազոտության տվյալներով՝ Կոտայք այցելած զբոսաշրջիկների մոտ 33%-ը իրականացնում է գիշերակաց, ինչը կարևոր ցուցանիշ է շուկայի տնտեսական ակտիվությունը գնահատելու համար։

Այսինքն՝ յուրաքանչյուր երեք զբոսաշրջիկից մեկը ձևավորում է իրական հյուրանոցային պահանջարկ։ Կոտայքի ներսում զբոսաշրջային հոսքերը մեծապես կենտրոնացված են Ծաղկաձորում։ Վերլուծական մոտեցմամբ կարելի է ընդունել, որ մարզ այցելած զբոսաշրջիկների մոտ 50–55%-ը ուղղվում է դեպի Ծաղկաձոր։

Հաշվարկի մեթոդաբանություն

Ծաղկաձորի շուկայի մոտարկված չափը գնահատելու համար կիրառվել է հետևյալ բանաձևը․

Ծաղկաձորի գիշերակացային հոսք ≈ ՀՀ զբոսաշրջիկներ × 31.8% × 33% × 50–55%

Այս մոտեցումը թույլ է տալիս ընդհանուր զբոսաշրջային հոսքից անցում կատարել դեպի իրական գիշերակացային պահանջարկի գնահատում, որն առավել կարևոր է շուկայի տնտեսական վերլուծության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, հաշվարկի կիրառման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև շուկայի ընթացիկ կառուցվածքային առանձնահատկությունները։

Մասնավորապես՝ 2022–2026 թվականներին Ծաղկաձորում և հարակից գոտիներում ակտիվ կառուցապատման և ենթակառուցվածքային աշխատանքների հետևանքով ձևավորվել է գիշերակացով մնացող զբոսաշրջիկների գործակցի ժամանակավոր նվազում։ Այս նվազումը մեծապես պայմանավորված էր ոչ լիարժեք և շատ հաճախ հանգիստը վայելելուն խոչընդոտող տեխնիկական գործոններով։

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կիրառվում է ճշգրտող գործակից՝

k = 70% (0.7)

Այս դեպքում բանաձևը ստանում է հետևյալ տեսքը․

Ծաղկաձորի գիշերակացային հոսք ≈ ՀՀ զբոսաշրջիկներ × 31.8% × (33% × 0.7) × 50–55%

Այսինքն՝ փաստացի գիշերակաց իրականացնող զբոսաշրջիկների արդյունավետ մասնաբաժինը դառնում է մոտ 23%

Ստորև գրաֆիկում այս բանաձևով հաշվարկված տարեկան հյուրանոցային ծառայությունների մատուցման ծավալներն են Ծաղկաձորի շուկայի համար

Սա նշանակում է, որ ներկայումս շուկան գործում է իր տեսական ներուժից զգալիորեն ցածր մակարդակում՝ պայմանավորված՝

  • ակտիվ շինարարությամբ
  • ժամանակավոր անհարմարություններով
  • զբոսաշրջային փորձի ընկալման նվազումով

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ այս նվազեցված գործակիցը ունի ժամանակավոր բնույթ։

Ռեզորտային քաղաքից դեպի բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային կենտրոն

Վերջին տարիներին Ծաղկաձորը մտել է ակտիվ զարգացման փուլ, որը բնութագրվում է ինչպես կառուցապատման, այնպես էլ ենթակառուցվածքների բարելավման գործընթացներով։ Քաղաքում նկատվում է բնակելի և հյուրանոցային նախագծերի ինտենսիվ աճ, որոնք ներառում են ինչպես դասական հյուրանոցներ, այնպես էլ ապարտ-հյուրանոցային և բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Սա նպաստում է առաջարկի ընդլայնմանը և շուկայի կառուցվածքային փոփոխությանը։

Միաժամանակ իրականացվում են ճանապարհների վերակառուցման և բարելավման ծրագրեր, որոնք բարձրացնում են քաղաքի հասանելիությունը, նվազեցնում ճանապարհորդության ժամանակը և խթանում այցելությունների հաճախականությունը։ Բարելավվում է նաև քաղաքային միջավայրը՝ հանրային տարածքները, սպասարկման ենթակառուցվածքները, ինչը բարձրացնում է ընդհանուր զբոսաշրջային փորձի որակը։ Ծաղկաձորը աստիճանաբար դուրս է գալիս իր ավանդական՝ սեզոնային ռեզորտի դերից և անցում է կատարում դեպի բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային կենտրոն։

Համաշխարհային բրենդների ներգրավվածությունը որպես Ծաղկաձորի շուկայի ակտիվացման գործոն

Ծաղկաձորի զբոսաշրջային շուկայի ակտիվացման կարևոր ազդակներից է միջազգային և համաշխարհային բրենդների հետաքրքրվածությունը քաղաքի նկատմամբ։ Սա միայն առանձին նախագծերի կամ նոր կառույցների մուտք չէ․ նման բրենդների ներկայությունը կարող է փոխել քաղաքի զբոսաշրջային ընկալումը, պահանջարկի կառուցվածքը և շուկայի զարգացման արագությունը։

1. Հսկայական հաճախորդների բազա

Միջազգային բրենդները շուկա են բերում ոչ միայն իրենց անունը, այլև արդեն ձևավորված հաճախորդների բազա։ Այդ բազայում ներառված են ինչպես լոյալ հաճախորդներ, այնպես էլ զբոսաշրջիկներ, որոնք իրենց ճանապարհորդական որոշումները հաճախ կայացնում են հենց բրենդի վստահելիության հիման վրա։

Հետևաբար Ծաղկաձորի համար պահանջարկը կարող է ձևավորվել ոչ թե զրոյից, այլ արդեն գործող միջազգային ցանցերի միջոցով։ Եթե զբոսաշրջիկը վստահում է որևէ հայտնի հյուրանոցային, առողջարանային կամ ժամանցային բրենդի, ապա տվյալ բրենդի մուտքը Ծաղկաձոր ինքնին դառնում է այցելության պատճառ։

Այս գործոնը հատկապես կարևոր է միջազգային զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից, քանի որ օտարերկրյա այցելուների համար բրենդը նվազեցնում է ընտրության ռիսկը։ Նրանք ավելի հեշտ են որոշում կայացնում այցելել այն ուղղությունը, որտեղ առկա է իրենց համար ճանաչելի և վստահելի օպերատոր։

2. Միջազգային բրենդավորում և ճանաչելիության աճ

Միջազգային բրենդների ներգրավվածությունը նաև մեծացնում է Ծաղկաձորի տեսանելիությունը արտաքին շուկաներում։ Բրենդները սովորաբար իրականացնում են մարքեթինգային արշավներ, կազմակերպում են միջոցառումներ, համագործակցում են տուրիստական հարթակների, գործակալությունների և մեդիա ալիքների հետ։ Այս ամենի արդյունքում Ծաղկաձորը սկսում է ներկայանալ ոչ միայն որպես տեղական կամ տարածաշրջանային հանգստավայր, այլ որպես ավելի լայն ճանաչելիություն ստացող զբոսաշրջային ուղղություն։

Իվենթները, փառատոնները, սպորտային և ժամանցային միջոցառումները կարող են դառնալ քաղաքի բրենդավորման կարևոր գործիքներ։ Դրանք ստեղծում են այցելության լրացուցիչ պատճառներ՝ անկախ դասական ձմեռային սեզոնից։ Այսինքն՝ զբոսաշրջիկը Ծաղկաձոր կարող է այցելել ոչ միայն դահուկային սպորտի կամ հանգստի համար, այլ նաև կոնկրետ իրադարձության, համերգի, փառատոնի, կորպորատիվ միջոցառման կամ առողջարանային ծրագրի մասնակցելու նպատակով։

3. Սեզոնայնության նվազեցում և ամառային ակտիվության աճ

Ծաղկաձորի հիմնական մարտահրավերներից մեկը սեզոնայնությունն է։ Ավանդաբար շուկան առավել ակտիվ է ձմռանը՝ լեռնադահուկային սեզոնի ընթացքում, իսկ տարվա մյուս ամիսներին պահանջարկը կարող է նվազել։ Սակայն նոր բրենդային նախագծերը և ժամանցային ենթակառուցվածքները կարող են նվազեցնել այս կախվածությունը ձմեռային սեզոնից։ Առողջարանային համալիրները, խաղատները, միջոցառումները, համերգները, սպա և ժամանցային ծառայությունները կարող են այցելուներ ներգրավել նաև գարնանը, ամռանը և աշնանը։

Հատկապես կարևոր է ամառային սեզոնի ակտիվացումը։ Ծաղկաձորի կլիման, բնությունը և քաղաքից կտրված միջավայրը ունեն բավարար ներուժ ամռանը ևս պահանջարկ ձևավորելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ պատճառներ՝ միջոցառումներ, ժամանց, առողջարանային ծառայություններ և բարձրորակ սպասարկում։ Նույնը վերաբերում է գիշերային կյանքին։ Եթե քաղաքում ձևավորվեն ռեստորանային, ժամանցային և միջոցառումների ակտիվ ձևաչափեր, ապա զբոսաշրջիկների մնալու տևողությունը կարող է աճել։ Սա կնպաստի ոչ միայն հյուրանոցային զբաղվածությանը, այլ նաև ծառայությունների ամբողջ շղթայի ակտիվացմանը։

Միջազգային և բազմաֆունկցիոնալ իրադարձությունների անցկացման ներուժ

Ծաղկաձորը Հայաստանի այնեզակի քաղաքներից է, որի հյուրընկալության, զբոսաշրջային ենթակառուցվածքների և բնական միջավայրի համադրությունը հնարավորություն է տալիս սպասարկել ոչ միայն դասական զբոսաշրջային հոսքեր, այլ նաև միջազգային, սպորտային և մշակութային միջոցառումներ։ Քաղաքը արդեն ունի ձևավորված ռեզորտային միջավայր, հյուրանոցային ֆոնդ, սպորտային ենթակառուցվածքների փորձ և տարվա տարբեր եղանակներին միջոցառումներ կազմակերպելու ներուժ։ Այս գործոնները կարևոր հիմք են՝ ավելի խոշոր և բազմաֆորմատ իրադարձություններ ներգրավելու համար։ Հատկապես կարևոր էայն հանգամանքը, որ նման միջոցառումները կարող են ձևավորել լրացուցիչ պահանջարկ ոչ միայն ձմռանը, այլ նաև տարվա մյուս ամիսներին։

Այս համատեքստում չի բացառվում, որ առաջիկա տարիներին հենց Ծաղկաձորում իրականացվեն նոր խոշոր նախագծեր՝

  • սպորտային մարզադաշտեր
  • մշակութային կենտրոններ
  • միջոցառումների և համերգային համալիրներ
  • միջազգային միջոցառումների անցկացման հարթակներ

Նման զարգացումները կարող են էապես բարձրացնել քաղաքի միջազգային ճանաչելիությունը և արագացնել դրա վերափոխումը դեպի ամբողջ տարվա գործող բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային կենտրոն։

Եզրակացություն

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Ծաղկաձորի զբոսաշրջային շուկան, չնայած ներկայումս գործող կառուցապատման և ենթակառուցվածքային սահմանափակումներին, արդեն ձևավորում է կայուն և չափելի գիշերակացային պահանջարկ։ Միևնույն ժամանակ, շուկան գտնվում է անցումային փուլում, որտեղ կարճաժամկետ սահմանափակումները փոխակերպվելու են երկարաժամկետ առավելությունների՝ բարելավված ենթակառուցվածքների, բարձրորակ առաջարկի և միջազգային բրենդների ներգրավվածության տեսքով։ Արդյունքում՝ Ծաղկաձորը ունի բոլոր նախադրյալները վերափոխվելու ամբողջ տարվա գործող, բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային կենտրոնի՝ արագ աճող պահանջարկով և բարձր զարգացման ներուժով։

Տվյալների աղբյուրներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե։
Մշակված և համալրված՝ ՌԵԴ Ինվեստ Գրուպ-ի կողմից։