Նոր հայեցակարգ, նոր կանոններ. ինչ է սպասվում Հայաստանի ներդրումային անշարժ գույքի շուկային

Ներդրումային անշարժ գույքը որպես առանձին ակտիվների դաս
Մինչ այժմ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գույքն ընկալվել է հիմնականում երկու ուղղությամբ՝ սեփական օգտագործման համար ձեռք բերվող գույք կամ հետագայում վաճառքի կամ վարձակալության նպատակով ձեռք բերվող ակտիվ։ Նոր հայեցակարգը ձևավորում է երրորդ մոտեցում՝ անշարժ գույքն որպես պրոֆեսիոնալ կառավարվող ներդրումային ակտիվ։
Այս դեպքում կարևոր է ոչ միայն գույքի գտնվելու վայրը կամ գնման արժեքը, այլ նաև կառավարման համակարգը, օպերատորի փորձը, շահագործման արդյունավետությունը, սպասարկման որակը, սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը և ակտիվի երկարաժամկետ մրցունակությունը։
Այս դասի մեջ կարող են ներառվել տարբեր ձևաչափեր՝ սպասարկվող բնակարաններ, բրենդավորված բնակելի համալիրներ, հանգստյան գոտիներում տեղակայված ներդրումային գույքեր, բազմաֆունկցիոնալ համալիրների եկամտաբեր միավորներ, ինչպես նաև ապարտ-հոթելներ։ Վերջինս այս համակարգի միայն մեկ, բայց շատ տեսանելի և մեծ ներուժ ունեցող ձևաչափն է։
Ներդրումային անշարժ գույքը՝ Հայաստանի շուկայի զարգացման հաջորդ փուլը
Անշարժ գույքի շուկաների զարգացման փորձը վկայում է, որ արագ աճող շուկաները ժամանակի ընթացքում կանգնում են նույն հարցի առաջ․ ինչպես անցնել կառուցելու և վաճառելու փուլից դեպի ավելի վերահսկելի, որակյալ և երկարաժամկետ ներդրումային միջավայր։
Սկզբնական փուլում շուկայի համար առաջնային է լինում կապիտալի ներգրավումը, նոր նախագծերի մեկնարկը և պահանջարկի ձևավորումը։ Սակայն ծավալների մեծացման հետ առաջանում են նոր պահանջներ՝ ներդրողի պաշտպանություն, կառավարման որակ, սպասարկման չափորոշիչներ, օպերատորի պատասխանատվություն և ակտիվի երկարաժամկետ արժեքի պահպանում։
Այս համատեքստում Հայաստանում ներդրումային անշարժ գույքի հայեցակարգը կարելի է դիտարկել ոչ թե գովասանքի կամ քննադատության, այլ մասնագիտական վերլուծության տեսանկյունից։ Այն նպատակ ունի այս տեսակի գույքը դարձնել ավելի ճանաչելի, չափելի և կառավարվող ակտիվ՝ սահմանելով իրավական, տեխնիկական, ծառայությունների և կառավարման որոշակի մոտեցումներ։ Հայեցակարգում առանձնացվում է իրավական դաշտի կարգավորման, ներդրողների ռիսկերի նվազեցման, չափորոշիչների սահմանման և օպերատորին ու կառավարչին ներկայացվող պահանջների անհրաժեշտությունը։
Շուկայի անցումը ազատ աճից դեպի չափորոշիչներ
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ներդրումային անշարժ գույքի շուկաները սովորաբար անցնում են երկու փուլով։ Առաջինում առաջնային է ներդրումների ներգրավումը և նոր նախագծերի ստեղծումը։ Երկրորդում շուկան սկսում է պահանջել ավելի բարձր թափանցիկություն, կառավարման որակ և ներդրողների պաշտպանության մեխանիզմներ։
Կարճաժամկետում նման փոփոխությունները կարող են պահանջել ներդրումային ավելի մեծ ներուժ և ավելացնել շուկայի մասնակիցների վարչարարական բեռը։ Սակայն երկարաժամկետում դրանց նպատակը շուկայի կանխատեսելիության և վստահության բարձրացումն է։ Հասուն շուկաներում ներդրողները գնահատում են ոչ միայն եկամտաբերության խոստումը, այլ նաև այն, թե ինչ մեխանիզմով է այդ եկամուտը ձևավորվում և ով է պատասխանատու ակտիվի շահագործման համար։
Վրաստանի փորձը․ արագ աճող ներդրումային շուկայի ձևավորում
Տարածաշրջանում ներդրումային անշարժ գույքի ամենահայտնի և առավել համեմատելի օրինակներից մեկը Վրաստանն է, մասնավորապես՝ Բաթումին։ Վերջին տասնամյակում քաղաքը վերածվել է զբոսաշրջային և ներդրումային ակտիվության կարևոր կենտրոնի, որտեղ ապարտ-հոթելները և կարճաժամկետ վարձակալության համար նախատեսված բնակարանները դարձան շուկայի հիմնական շարժիչներից մեկը։ Աճը մեծապես պայմանավորված էր զբոսաշրջության զարգացմամբ։ 2019 թվականին Բաթում այցելել էր շուրջ 2.1 մլն զբոսաշրջիկ, իսկ 2023-ին այդ ցուցանիշը հասել էր 2.8 մլնի՝ աճելով մոտ 33%-ով։
Զբոսաշրջային պահանջարկին զուգահեռ մեծացավ նաև անշարժ գույքի շուկայի ծավալը։ TBC Capital-ի տվյալներով՝ 2024 թվականին Բաթումի բնակելի անշարժ գույքի շուկան հասել է գրեթե 900 մլն ԱՄՆ դոլարի՝ մոտ 2023-ի մակարդակին։ Նորակառույց բնակարանների միջին գինը նույն թվականին աճել է 14%-ով՝ հասնելով շուրջ 1,141 դոլարի մեկ քառակուսի մետրի համար։
Վրաստանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ներդրումային անշարժ գույքը կարճ ժամանակահատվածում դառնալ կապիտալի ներգրավման, զբոսաշրջության զարգացման և շինարարական ակտիվության խթան։ Սակայն արագ աճին զուգահեռ ավելի տեսանելի են դառնում կառավարման որակի, եկամտաբերության թափանցիկության և օպերատորների պատասխանատվության հարցերը՝ ինչը հենց այն մարտահրավերն է, որին այժմ փորձում է կանխակալ արձագանքել Հայաստանի հայեցակարգը։
Իսպանիայի փորձը․ ինստիտուցիոնալացման փուլ
Իսպանիան ներդրումային և զբոսաշրջային անշարժ գույքի առավել զարգացած եվրոպական շուկաներից է։ Եթե 2000-ականներին շուկայի հիմնական շարժիչը զբոսաշրջության աճն ու միջազգային գնորդների ակտիվությունն էին, ապա 2010-ականներից սկսվեց ոլորտի աստիճանական ինստիտուցիոնալացումը։
2013 թվականից հետո զբոսաշրջային բնակարանների և կարճաժամկետ վարձակալությունների կարգավորումների զգալի մասը փոխանցվեց ինքնավար համայնքներին, որից հետո տարբեր տարածաշրջաններում ներդրվեցին գրանցման, լիցենզավորման և վերահսկողության մեխանիզմներ։ 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկվեց նաև կարճաժամկետ վարձակալությունների ազգային գրանցման համարի պահանջը՝ նպատակ ունենալով բարձրացնել հարթակներում ներկայացվող գույքերի հաշվառելիությունն ու վերահսկելիությունը։
Կարևոր է նշել, որ կարգավորումների խստացումը շուկայի մեխանիկական դանդաղում չի նշանակել։ Colliers-ի տվյալներով՝ 2025 թվականին Իսպանիայում հյուրանոցային ներդրումների ծավալը հասել է 4.275 մլրդ եվրոյի՝ պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշը։ Ապարտ-հոթելների հատվածում Իսպանիան շարունակում է մնալ Եվրոպայի առաջատարներից մեկը՝ 2025-ին ներգրավելով եվրոպական այս տեսակի ներդրումների շուրջ 23%-ը։ Առանձնահատուկ է նաև ապարտհոթելների հատվածի աճը՝ մի ձևաչափ, որտեղ հյուրը ստանում է սովորական բնակարանի հարմարավետություն՝ հյուրանոցային սպասարկումով։ 2019 թվականից ի վեր այս հատվածում պահանջարկն աճել է միջինը տարեկան 5.9%-ով, մինչդեռ ավանդական հյուրանոցային հատվածում այդ աճը կազմել է ընդամենը մոտ 1%՝ ցույց տալով, որ ներդրողների հետաքրքրությունը կայուն կերպով տեղաշարժվում է դեպի ավելի ճկուն և երկարաժամկետ բնակության ձևաչափերը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կարգավորվող միջավայրում ներդրումային ակտիվությունը ոչ միայն չի կրճատվում, այլև կարող է աճել, եթե շուկան ունի պահանջարկ, կառավարելիություն և կանխատեսելի խաղի կանոններ։ Այլ կերպ ասած՝ կարգավորումն ինքնին վաճառքի արգելակ չէ, եթե այն ուղեկցվում է վստահելի ինստիտուցիոնալ միջավայրով։
Հայաստանի հնարավորությունները
Հայաստանում ներդրումային անշարժ գույքի շուկան դեռևս ձևավորման փուլում է։ Սա հնարավորություն է տալիս ոլորտի զարգացումը դիտարկել ոչ միայն քանակական աճի, այլ նաև որակական կառուցման տեսանկյունից՝ սկզբից ևեթ խուսափելով այն խնդիրներից, որոնց հետ Վրաստանն ու Իսպանիան բախվել են ուշ փուլերում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված հայեցակարգում որպես կարևոր ուղղություններ նշվում են ներդրումային անշարժ գույքի իրավակարգավորումների ձևավորումը, ներդրումների խրախուսման միջավայրի ստեղծումը, օտարերկրյա կապիտալի ներգրավումը և ոլորտի մրցունակության բարձրացումը։ Փաստաթղթում այս ուղղությունը դիտարկվում է նաև որպես տնտեսության վրա դրական ազդեցություն ունեցող ներդրումային ուղղություն, որը կարող է նպաստել դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆելների ձևավորմանը։
Այս մոտեցումը կարող է փոխել շուկայի մշակույթը։ Եթե նախկինում ներդրումային գույքը հաճախ ընկալվել է «գնել և վարձակալել» տրամաբանությամբ, ապա նոր մոտեցումն այն տեղափոխում է ավելի համակարգված դաշտ, որտեղ կարևոր են դառնում գույքի կառավարումը, ծառայությունների ստանդարտները, եկամտի հաշվարկման թափանցիկությունը և սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը։
Եզրակացություն
Ներդրումային անշարժ գույքի նոր հայեցակարգը նպատակահարմար է դիտարկել ոչ որպես գովասանքի կամ քննադատության առարկա, այլ որպես շուկայի զարգացման նոր փուլ, որի իրական ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել տարիների ընթացքում։
Կարճաժամկետում նոր չափորոշիչները կարող են շուկայի որոշ մասնակիցների համար ստեղծել լրացուցիչ բեռ և պահանջել գործել ավելի հստակ կանոններով։ Սակայն, ինչպես ցույց տվեցին և՛ Վրաստանի, և՛ Իսպանիայի օրինակները, ներդրումային գույքի շուկաները երկարաժամկետ կայունություն են ստանում հենց այն ժամանակ, երբ ազատ աճին հաջորդում են չափորոշիչներ, պրոֆեսիոնալ կառավարում և պատասխանատվության մշակույթ։
Հայաստանի համար այս գործընթացի հիմնական արժեքը կարող է լինել ոչ միայն նոր նախագծերի ավելացումը, այլ ներդրումային գույքի նկատմամբ նոր վերաբերմունքի ձևավորումը՝ երբ ներդրողը գնահատում է ոչ միայն գինը և տեղակայությունը, այլ նաև օպերատորի փորձը, կառավարման մոդելը, սպասարկման որակը և ակտիվի երկարաժամկետ արժեքը։ Հենց այդ անցումն է, որ կարող է ներդրումային անշարժ գույքը դարձնել Հայաստանի տնտեսության աճի լրացուցիչ գործոններից մեկը՝ ոչ միայն ծավալով, այլ նաև որակով։
Տվյալների աղբյուր՝ Neginski, TBC Capital / Orange Group, Realting.com, Holidu, Colliers, Iberian Property, Savills, Mineconomy.am.
Մշակված և համալրված՝ ՌԷԴ Ինվեստ Գրուպի կողմից