calendar
2026-08-05

Վերլուծական զեկույց 2026 թվականի առաջին կիսամյակի անշարժ գույքի առաջնային շուկայի վերաբերյալ

ՀՀ անշարժ գույքի առաջնային շուկան 2026 թվականի առաջին կիսամյակում

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ անշարժ գույքի առաջնային շուկան ցուցաբերեց բարձր ակտիվություն՝ արձանագրելով վերջին տարիների ամենաուժեղ կիսամյակային արդյունքներից մեկը։ Շուկան ոչ միայն պահպանեց նախորդ ամիսներին ձևավորված աճի տեմպը, այլև ակտիվությունն ավելի հավասարակշռված կերպով ձևավորվեց ինչպես Երևանում, այնպես էլ մի շարք մարզերում։ Ակտիվության ձևավորման վրա միաժամանակ ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ։ Դրանց թվում առանձնանում են Երևանամերձ մարզերում պահանջարկի աճը, որտեղ եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակում է գործել մինչև 2026 թվականի ավարտը, Երևանի առաջնային շուկայի բարձր ակտիվության պահպանումը՝ չնայած մայրաքաղաքում ծրագրի դադարեցմանը, ինչպես նաև նոր ներդրումային ուղղությունների զարգացումը, որոնցից առավել նկատելին Դիլիջանն է, որտեղ պետական աջակցության ծրագիրը գործում է մինչև 2029 թվականը։

Միաժամանակ, շուկայի բարձր ակտիվությանը նպաստել են կառուցապատողների կողմից առաջարկվող ավելի ճկուն ֆինանսավորման պայմանները, մասնավորապես՝ տարաժամկետ վճարման ծրագրերը, ինչպես նաև շուկայի մասնակիցների համատեղ գործունեությունը՝ նոր նախագծերի ներկայացման և պահանջարկի խթանման ուղղությամբ։

Առաջին կիսամյակի արդյունքները

Ստորև ներկայացվում է 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնային շուկայի հիմնական ցուցանիշների և միտումների վերլուծությունը։



2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առաջնային անշարժ գույքի շուկայում գրանցվել է 9,036 գնման իրավունք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմում է 148% աճ։ Հատկանշական է, որ շուկան գերազանցել է նաև 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքը՝ արձանագրելով 94.5% աճ։ Համեմատությունը երկու տարբեր բազաների հետ կարևոր է շուկայի իրական դինամիկան գնահատելու համար։ 2025 թվականը կարելի է բնութագրել որպես շուկայի կայունացման և նոր հավասարակշռության հաստատման փուլ, երբ պահանջարկն աստիճանաբար հարմարվում էր նոր կարգավորումներին և շուկայական պայմաններին։ Հենց այդ կայունացված հիմքի վրա էլ 2026 թվականին շուկան անցավ ակտիվ աճի փուլ՝ զգալիորեն գերազանցելով ոչ միայն 2025, այլև 2024 թվականի ցուցանիշները։


Առաջին կիսամյակի արդյունքները վկայում են, որ շուկայի աճը պայմանավորված չէ մեկանգամյա գործոններով։ Այն արմատացել է պահանջարկի աստիճանական ամրապնդման, առաջարկի ընդլայնման և շուկայի նոր հավասարակշռության պայմաններում, ինչը 2026 թվականի առաջին կիսամյակը դարձրել է վերջին տարիների ամենաակտիվ ժամանակահատվածներից մեկը։

Անշարժ գույքի առաջնային շուկան Երևանում և Մարզերում

Առաջնային անշարժ գույքի շուկայի ընդհանուր աճը դեռևս ամբողջությամբ չի բացահայտում, թե ինչպես է փոխվել դրա տարածքային կառուցվածքը։ Այդ նպատակով կարևոր է առանձին դիտարկել Երևանի և մարզերի ցուցանիշները, քանի որ վերջին տարիներին այս երկու շուկաների զարգացման շարժիչ գործոնները զգալիորեն տարբերվել են։ Երևանը շարունակում է մնալ առաջնային շուկայի հիմնական կենտրոնը՝ իր մեծ առաջարկով, բնակչության խտությամբ և ներդրումային ակտիվությամբ։ Միևնույն ժամանակ, մարզերում վերջին տարիներին առաջ են եկել աճի նոր նախադրյալներ՝ պայմանավորված պետական աջակցության ծրագրերով, նոր բնակելի նախագծերի ընդլայնմամբ և ներդրումային հետաքրքրության աստիճանական աճով։

2026 թվականի առաջին կիսամյակում Երևանը պահպանել է առաջնային անշարժ գույքի շուկայի առաջատար դիրքը՝ գրանցելով 5,185 գնման իրավունք։ Սա 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 134%, իսկ 2024 թվականի համեմատ 52% աճ է։ Այս արդյունքը հատկապես կարևոր է, քանի որ արձանագրվել է եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո, ինչը վկայում է, որ մայրաքաղաքի առաջնային շուկան շարունակում է պահպանել բարձր պահանջարկ՝ հիմնվելով իր ներքին շուկայական գործոնների վրա։ Միևնույն ժամանակ, առավել արագ աճ է արձանագրվել մարզերում։ 2026 թվականի առաջին կիսամյակում մարզերում գրանցվել է 3,851 գնման իրավունք, ինչը 2025 թվականի համեմատ նշանակում է 170%, իսկ 2024 թվականի համեմատ՝ 214% աճ։ Այս դինամիկան վկայում է, որ շուկայի ակտիվությունը աստիճանաբար դուրս է գալիս Երևանի սահմաններից և տարածվում այլ բնակավայրերում, որտեղ պահանջարկի առաջխաղացմանը նպաստում են ինչպես պետական աջակցության գործող ծրագրերը, այնպես էլ նոր բնակելի նախագծերի և ներդրումային ուղղությունների զարգացումը։

Ընդհանուր առմամբ, գրաֆիկը ցույց է տալիս, որ 2026 թվականի առաջին կիսամյակում շուկայի աճը ճյուղավորվել է երկու ուղղությամբ․ Երևանը պահպանել է իր բարձր ակտիվությունը, մինչդեռ մարզերը դարձել են աճի հիմնական արագացնող գործոնը։ Սա խոսում է առաջնային շուկայի ավելի հավասարակշռված տարածքային զարգացման և պահանջարկի ընդլայնման մասին։

Երևանի համայնքների բաշխվածությունը

Երևանի առաջնային շուկայի ընդհանուր ակտիվության պահպանման պայմաններում հետաքրքրական է դիտարկել, թե ինչպես է պահանջարկը բաշխվել մայրաքաղաքի առանձին վարչական շրջանների միջև։ Համայնքների մակարդակով իրականացված վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտել այն տարածքները, որտեղ նոր կառուցապատման ծավալները, ներդրումային հետաքրքրությունը և գնորդների պահանջարկը հանգեցրել են առավել բարձր ակտիվության։

2026 թվականի առաջին կիսամյակում առավել բարձր ակտիվությունը շարունակել են պահպանել Արաբկիրը, Նոր Նորքը և Կենտրոնը, որոնք ավանդաբար հանդիսանում են Երևանի առաջնային շուկայի հիմնական կենտրոնները՝ նոր բնակելի նախագծերի մեծ ծավալի և կայուն պահանջարկի շնորհիվ։ Միևնույն ժամանակ, հատկապես առանձնանում է Նորք-Մարաշը, որը, թեև գործարքների բացարձակ քանակով դեռևս զիջում է առաջատար համայնքներին, սակայն 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ արձանագրել է շուրջ 100% աճ։ Սա վկայում է, որ համայնքն աստիճանաբար վերափոխվում է՝ դառնալով առաջնային շուկայի նոր աճի ուղղություն։

Մարզերի առաջնային շուկայի ակտիվությունը

Եթե Երևանի դեպքում հիմնական հարցը պահանջարկի բաշխվածությունն է վարչական շրջանների միջև, ապա մարզերում կարևոր է հասկանալ, թե որ տարածաշրջաններն են առաջնային շուկայի աճի միջուկը։ Մարզային մակարդակի վերլուծությունը հնարավորություն է տալիս գնահատել, թե որտեղ է կենտրոնանում նոր կառուցապատումը և ինչ ուղղություններով է ընդլայնվում շուկան։



2026 թվականի առաջին կիսամյակում մարզերի ակտիվության հիմնական մասը շարունակել է կենտրոնանալ Կոտայքի մարզում, որտեղ գրանցվել է 2,893 գնման իրավունք։ Մարզի առաջատար դիրքը պայմանավորված է ոչ միայն Երևանին աշխարհագրական մոտ լինելու հանգամանքով, այլև այն փաստով, որ Երևանամերձ բնակավայրերում շարունակում է գործել եկամտահարկի վերադարձի պետական ծրագիրը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։

Միաժամանակ, գրաֆիկը ցույց է տալիս, որ աստիճանաբար ակտիվանում են նաև ոչ Երևանամերձ մարզերը։ Տավուշը, Շիրակը, Սյունիքը և Գեղարքունիքը, թեև դեռևս ունեն համեմատաբար փոքր գործարքային ծավալներ, սակայն զարգանում են որպես շուկայի զարգացման նոր ուղղություններ։ Այս մարզերում ակտիվության աճը պայմանավորված չէ մայրաքաղաքին մոտ լինելու գործոնով, այլ տվյալ տարածաշրջաններում ձևավորվող նոր բնակելի նախագծերով, ներդրումային հետաքրքրության աճով և տեղական շուկաների աստիճանական հասունացմամբ։

Եզրակացություն

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները վկայում են, որ ՀՀ առաջնային անշարժ գույքի շուկան գտնվում է զարգացման նոր փուլում։ Արձանագրված աճը պայմանավորված չէ մեկ գործոնով կամ մեկ տարածաշրջանով. այն հիմնված է ինչպես Երևանի կայուն ակտիվության, այնպես էլ մարզերում պահանջարկի ընդլայնման վրա։ Միաժամանակ, շուկայի տարածքային կառուցվածքը շարունակում է փոփոխվել։ Եթե Երևանամերձ մարզերում ակտիվությունը հիմնականում պայմանավորված է աշխարհագրական դիրքով և պետական աջակցության ծրագրերի ազդեցությամբ, ապա մի շարք այլ մարզերում արդեն տեսանելի են զարգացման նոր ուղղություններ, որոնք հիմնված են տվյալ տարածաշրջանների սեփական ներդրումային ներուժի և նոր բնակելի նախագծերի վրա։


Այս միտումները վկայում են, որ Հայաստանի առաջնային անշարժ գույքի շուկան աստիճանաբար դառնում է ավելի բազմակենտրոն և հավասարակշռված։ Հենց այս փոփոխություններն են հիմք ստեղծում շուկայի հետագա կայուն զարգացման համար և թույլ տալիս ակնկալել, որ առաջիկա տարիներին ակտիվության աճը չի կենտրոնացվի միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում։

Տվյալների աղբյուրն է՝ Cadastre.am
Մշակված և համալրված RED Invest Group-ի կողմից